+374 99 960201, +374 93 211956

Բացահայտեք նոր հորիզոններ մեզ հետ

Հայկական տարազ

Բացահայտեք նոր հորիզոններ մեզ հետ


Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խորհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը: Դարավոր ուղի անցած հայկական ավանդական տարազը արտացոլում էր հայ ժողովրդի ինքնատիպությունը։

Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգագավառին  հատուկ ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն ու բարքը, կենցաղը, մշակութային շատ տարրեր, այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտարթուն հսկողության տակ, որն արգելում է յուրաքանչյուր շեղում՝ գրված, կանոնագրված կամ չգրված սովորութային իրավունքից ու ավանդական  բարքերից: Հագուստը սերտորեն կապված է նաև էթնիկական ընդհանրության հոգեկան կերտվածքի առանձնահատկությունների հետ: Ըստ այդմ` մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից:

Բոլոր տարազախմբերում էլ տարազը կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարդարանքից և զարդարանքից, ագանելիքից (գուլպա, ոտնաման, տղամարդկանցը` նաև ոտքի փաթաթան, սռնապան): Տարբերությունները ոճավորման մեջ են, իսկ հագուստի ոճը դրսևորվել է ձևվածքային լուծման, հիմնական ձևերի, հագնելու եղանակի, գունային համադրության, գեղազարդման եղանակների մեջ: Ըստ տիպի` հայկական տարազը արձակ է, բաց, զգեստն ունի կտրվածքներ առջևից, կողքերից: Ըստ ոճային բնութագրի` ուրվագիծն ազատ է, գունային գամայում գերակշռում են կարմիր, կապույտ, կանաչ, մանուշակագույն, դեղին գույները: